Ղազախստանը պատմական նոր փուլ է մտել:
Այս տարի իմ ուղերձում ես հայտարարեցի Ղազախստանի երրորդ մոդեռնացումը սկսելու մասին: Մենք սկիզբ տվեցինք նորացման երկու կարևոր գործընթացների՝ քաղաքական բարենորոգման և տնտեսության մոդեռնացման: Նպատակը հայտնի է՝ մտնել աշխարհի զարգացած պետությունների երեսունյակի մեջ: Մոդեռնացման երկու գործընթացներն ունեն հստակ նպատակներ ու խնդիրներ, գերակայություններ և դրանց ձեռքբերման մեթոդներ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի ժամանակին և առավելագույնս արդյունավետ: Բայց դա բավարար չէ:
Ես համոզված եմ՝ մեր սկսած մասշտաբային բարեփոխումները պետք է ուղեկցվեն հասարակական գիտակցության առաջընթացիկ մոդեռնացումով, որ ոչ միայն կլրացնի քաղաքական ու տնտեսական մոդեռնացումը, այլև կդառնա դրանց միջուկը: Անկախության տարիներին մենք ընդունել ու իրականացրել ենք մի շարք մեծ ծրագրեր: 2004-ից իրականացվել է «Мәдени мұра» ծրագիրը, որ ուղղված էր պատմամշակութային հուշարձանների և օբյեկտների վերականգնմանը Ղազախստանի տարածքում: 2013-ին մենք ընդունեցինք «Халық тарих толқынында» ծրագիրը, որ մեզ թույլ տվեց համակարգված հավաքել և ուսումնասիրել մեր երկրի պատմությանը նվիրված փաստաթղթերը աշխարհի առաջատար արխիվներից: Իսկ այսօր մենք պետք է սկսենք առավել մասշատաբային ու հիմնարար աշխատանք:
Այդ պատճառով ես որոշել եմ ներկայացնել իմ տեսլականը, թե ինչպես մենք միասին պետք է ապագային ընդառաջ քայլ անենք, փոխենք հասարակական գիտակցությունը, որ դառնանք միասնական ուժեղ ու պատասխանատու մարդկանց ազգ:
I. Ազգային ինքնագիտակցության մասին XXI դարում
Մեր աչքի առաջ աշխարհը սկսում է նոր, հիմնականում անհայտ, պատմական ցիկլ: Տեղ զբաղեցնել առաջատար խմբում, պահպանելով գիտակցության և մտածողության նախկին մոդելը, անհնար է: Այդ պատճառով կարևոր է կենտրոնանալ, փոխել քեզ և փոխվող պայմաններին հարմարվելով վերցնել լավագույնը, որ ունի նոր դարաշրջանը: Ո՞րն էր, իմ կարծիքով, XX դարում մոդեռնացման արևմտյան մոդելների թերությունը՝ մեր ժամանակի իրականությանը առնչելով: Նրանք իրենց ինքնատիպ փորձը փոխանցում էին բոլոր ժողովուրդներին ու քաղաքակրթություններին՝ առանց ազգային առանձնահատկությունները հաշվի առնելու: Նույնիսկ նշանակալից մոդեռնացված հասարակությունները ունեն մշակույթի կոդեր, որոնց ակունքները անցյալում են: Նոր տեսակի մոդեռնացման առաջին պայմանը սեփական մշակույթի, սեփական ազգային կոդի պահպանությունն է, առանց որի մոդեռնացումը դատարկ հնչյուն է դառնում: Բայց դա չի նշանակում ազգային ինքնագիտակցության մեջ ամեն ինչի պահպանում՝ և նրա, որ մեզ վստահություն կտա ապագայում, և նրա, որ մեզ տանում է հետ՝ անցյալ: Նոր մոդեռնացումը չպետք է, ինչպես առաջ, բարձրից նայի պատմական փորձին ու ավանդույթներին: Հակառակը, պետք է լավագույն ավանդույթները դարձնի մոդեռնացման հաջողության կարևոր պայման ու նախադրյալ:
Առանց ազգային-մշակութային արմատներին հենվելու մոդեռնացումը օդում կկախվի: Ես ուզում եմ, որ նա ամուր կանգնի գետնի վրա: Իսկ դա նշանակում է, որ պատմությունը և ազգային ավանդույթները պետք է անպայման հաշվի առնվեն: Դա անցյալի, ներկայի ու ապագայի հորիզոնները միացնող պլատֆորմ է: Համոզված եմ՝ հոգևոր մոդեռնացման կարևորագույն առաքելությունը ազգային ինքնագիտակցության տարբեր բևեռների հաշտեցման մեջ է: Ես կառանձնացնեի գիտակցության մոդեռնացման մի քանի ուղղություններ ինչպես ամբողջ հասարակության մեջ, այնպես էլ յուրաքանչյուր ղազախստանցու համար:
1. Մրցունակություն
Այսօր ոչ միան առանձին մարդը, այլև ազգը հաջողության շանս ունի միայն իր մրցունակությունը զարգացնելով: Դա նախ և առաջ նշանակում է ազգի՝ գնով ու որակով ինչ-որ շահեկան առաջարկ անելու ունակություն տարածաշրջանային ու գլոբալ շուկաներում: Եվ դա ոչ միայն նյութական ապրանք է, այլև գիտելիքներ, ծառայություններ, ինտելեկտուալ արտադրանք, վերջապես, աշխատանքային ռեսուրսի որակ: Վաղվա օրվա առանձնահատկությունն է, որ հենց մարդու մրցունակությունը, այլ ոչ թե հանքային ռեսուրսների առկայութունն է դառնում ազգի հաջողության գործոն: Այդ պատճառով՝ ցանկացած ղազախստանցի, ինչպես ամբողջ ազգը, պետք է տիրապետի XXI դարին արժանի որակների շարքի: Այդ անկասկած նախադրյալներից են համակարգչային գրագիտությունը, օտար լեզուների իմացությունը, մշակութային բացությունը:
Այդ պատճառով և «Թվային Ղազախստան» ծրագիրը, և եռալեզվության ծրագիրը, և մշակութային ու կրոնական համաձայնության ծրագիրը ազգի նախապատրաստության մասեր են (բոլոր ղազախստանցիների) կյանքին XXI դարում: Դա մասն է մեր մրցունակության:
2. Պրագմատիզմ
Մոդեռնացումն անհնար է առանց մի շարք սովորույթներ ու կարծրատիպեր փոխելու: Մեր պատմության մեջ իրական պրագմատիզմի շատ օրինակներ կան: Հարյուրամյակների ընթացքում մեր նախնիները պահպանել են եզակի, բնապահպանական ճիշտ կենսակերպ՝ պաշտպանելով միջավայրը, հողի ռեսուրսները, շատ պրագմատիկ ու խնայողաբար ծախսելով այդ ռեսուրսները: Եվ միայն մի քանի տարում անցյալ դարակեսին ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը հանգեցրեց Արալյան ծովի անհետացմանը, բերքատու հողերի հազարավոր հեկտարների վերածմանը բնապահպանական աղետի գոտիների: Եվ դա օրինակ է շրջակա միջավայրին ոչ պրագմատիկ վերաբերմունքի: Այդպես նախկին ազգային պրագմատիզմը վերածվեց վատնումի: Մոդեռնացման ճանապարհին մենք պիտի հիշենք մեր նախնիների փորձը: Պրագմատիզմ նշանակում է մեր ազգային ու անձնական ռեսուրսների ճշգրիտ իմացություն, նրանց խնայողաբար օգտագործում, ապագան ծրագրելու ունակություն: Պրագմատիզմը վատնողականության, պարծենկոտության, ցուցամոլության հակառակն է: Ժամանակակից հասարակության մշակույթը չափավորության, բարեկեցության մշակույթն է, այլ ոչ ճոխության, ռացիոնալության մշակույթն է: Ռացիոնալ ապրելու ունակությունը՝ շեշտադրելով իրական նպատակների ձեռքբերումը՝ շեշտադրելով կրթությունը, առողջ կենսակերպը, մասնագիտական հաջողությունները հենց վարքագծի պրագմատիզմն է: Եվ միակ հաջողված մոդելը ժամանակակից աշխարհում: Երբ ազգը և անհատը կողմնորոշված չեն կոնկրետ, պրակտիկ ձեռքբերումների, հայտնվում են անհասանելի, պոպուլիստական գաղափարախոսություններ, որ տանում են դեպի աղետ: Ցավոք, պատմությունը ոչ քիչ օրինակներ է տալիս, երբ ազգերը, առաջնորդվելով անհասանելի գաղափարախոսություններով, պարտություններ են կրել: Մենք տեսել ենք անցյալ տարի երեք գլխավոր գաղափարախոսությունների կործանումը՝ կոմունիզմի, ֆաշիզմի և լիբերալիզմի:
Արմատական գաղափարախոսությունների դարն անցել է: Պետք են հստակ, հասկանալի, ապագային ուղղված կարգավորումներ: Այդպիսին կարող է դառնալ կոնկրետ նպատակների ձեռքբերման կողմնորոշումը՝ հաշվի առնելով սեփական հնարավորություններն ու սահմանները, ինչպես մարդու, այնպես էլ ազգի: Ռեալիզմ և պրագմատիզմ՝ ահա առաջիկա տասնամյակների կարգախոսը:
3. Ազգային նույնականության պահպանություն
Հոգևոր մոդեռնացման բուն հասկացութունը ենթադրում է փոփոխություններ ազգային գիտակցության մեջ: Երկու պահ կա:
Առաջին՝ փոփոխություն ազգային գիտակցության շրջանակներում:
Երկրորդ՝ ազգային «Ես»-ի ներքին միջուկի պահպանություն՝ որոշ գծերի փոփոխությամբ: Ո՞րն է վտանգը մոդեռնացման այսօր իշխող մոդելների: Մոդեռնացումը դիտարկվում է իբրև զարգացման ազգային մոդելից անցում միասնականի ու համակողմանիի: Բայց կյանքն անփոփոխ ապացուցում է, որ դա սխալ է: Գործնականում տարբեր տարածաշրջաններ ու երկրներ մշակել են իրենց մոդելները:
Մեր ազգային ավանդույթները և սովորույթները, լեզուն ու երաժշտությունը, գրականությունը և հարսանեկան ծեսերը՝ մի խոսքով ազգային ոգին, ընդմիշտ մեզ հետ պիտի մնան:
Աբայի իմաստնությունը, Աուեզովի գրիչը, Ջամբուլի ազդեցիկ տողերը, Կուրմանգազիի կախարդական հնչյունները, առուախի հավերժական կանչը մեր հոգևոր մշակույթի միայն մի մասն են: Մոդեռնացումը պահանջում է, որ արխայիկ և գլոբալ աշխարհում տեղը չգտնող սովորույթների ու հակումների շարքը պետք է անցյալում թողնել: Դա վերաբերում է մեր ազգային գիտակցության առանձնահատկությանը՝ միասնական ազգի տարածաշրջանային բաժանումը: Իմանալ և հպարտանալ սեփական երկրամասի պատմությամբ անհրաժեշտ և օգտակար գործ է: Չի կարելի մոռանալ շատ ավելին՝ պատկանելությունը միասնական ու մեծ ազգին: Մենք կառուցում ենք մերիտոկրատիկ հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը պետք է գնահատվի իր անձնական ներդրումով ու անձնական մասնագիտական որակներով: Այդպիսի համակարգը չի հանդուրժում խնամիականություն: Դա կարիերայի զարգացման ձև է հետամնաց հասարակություններում: Խնդիրն այն չէ, որ զբաղվես կուտակված փորձի մեջ դրականի ու բացասականի թվարկումով: Խնդիրը երկու անխախտ կանոնները հասկանալն է.
Առաջին. Ոչ մի մոդեռնացում չի կարող լինել առանց ազգային մշակույթի պահպանության:
Երկրորդ. Առաջ շարժվելու համար պետք է հրաժարվել անցյալի այն տարրերից, որոնք թույլ չեն տալիս ազգին զարգանալ:
4. Գիտելիքի պաշտամունքը
Կրթության ձգտումը միշտ է բնորոշ եղել մեր ժողովրդին: Անկախության տարիներին մեծ գործեր են արվել: Մենք պատրաստել ենք տասնյակ հազարավոր երիտասարդ մասնագետներ աշխարհի լավագույն համալսարաններում: Սկիզբը դրվեց «Բոլաշակ» ծրագրով դեռ անցյալ դարի 90-ականների սկզբին: Մենք ստեղծեցինք շատ բարձր մակարդակով համալսարաններ, ինտելեկտուալ դպրոցների համակարգ և այլն: Բայց կրթության պաշտամունքը պետք է համընդհանուր լինի: Եվ դա ունի կոշտ ու հստակ պատճառ: Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցնում է նրան, որ առաջիկա տասնամյակներում գոյություն ունեցող մասնագիտությունների կեսը կանհետանա: Տնտեսության մասնագիտական դեմքի փոփոխության այդպիսի արագություն չի եղել ոչ մի դարաշրջանում: Մենք ոտք ենք դրել այդ դարաշրջանը: Այդպիսի պայմաններում հաջող ապրել կարող է միայն լավագույնս կրթված մարդը, որ կարող է համեմատաբար հեշտ փոխել մասնագիտությւնը՝ շնորհիվ կրթության բարձր մակարդակի: Այդ պատճառով Ղազախստանն այսօր աշխարհի առաջատար երկրների շարքում է կրթությանը հատկացվող բյուջետային ծախսերով: Յուրաքանչյուր ղազախստանցի պետք է հասկանա, որ կրթությունը ապագայում հաջողության ամենահիմնարար գործոնն է: Երիտասարդների նախապատվությունների համակարգում կրությունը պետք է լինի առաջին տեղում: Եթե արժեհամակարգում կրթվածությունը լինի գլխավոր արժեքը, ազգին հաջողություն է սպասում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աշխատանքի բերումով՝ ստեպ-ստեպ տարբեր երկրների նախագահների ուղերձներ ու ծրագրային ելույթներ կարդալուց հետո և դրանց համեմատական վերլուծության անկատար ցանկությամբ՝ արձանագրեմ՝ եղել է, որ Ղազախստանի նախագահը շատ ավելի հավակնոտ ու հայրենասիրական ծրագրեր է ներկայացրել իր ազգին: Այս մեկը, ինչպես ինքն է սովորեցնում, պրագմատիզմի զավակ է: Սա ընդարձակ ծրագիր է, որ ներկայացվել է երկրին՝ իբրև ապագայի ուղեցույց: Շարունակությունը՝ հաջորդիվ: Բայց այնքանին, ինչքան կարդացիք, չեմ կարող չհավելել, որ նոր մտածողության և ինքնագիտակցության անհրաժեշտության մասին անհնար է խոսել հին մտածողությամբ, իսկ դա արդեն աշխարհընկալման խնդիր է: Ղազախստանի նախագահի՝ իր ազգին առաջադրվող ծրագիրը մեզ համար կարևորություն ունի այնքանով, որքանով մենք հարկադրված ենք գտնվել եվրասիական տարածքում, ուստի պիտի տեղյակ լինենք այդ տարածքի ներկա ու ապագա փոփոխություններին՝ նաև պաշտպանված լինելու համար: Նուրսուլթան Նազարբաևը ճիշտ է թե մրցունակության, թե ազգային ինքնագիտակցության պահպանման առումով, բայց նա ուզում է տնից տեսնել հորիզոնը՝ նախապես ձեռքով փակելով տեսադաշտը: Ոչ միայն իր, այլև՝ ամբողջ ազգի ու յուրաքանչյուր անհատի:
Համենայն դեպս՝ դա է վկայում, որ նա այդքան մեծ տեղ է տալիս պրակտիկ, կոնկրետ խնդիրներին ու վախենում «անհասանելի, պոպուլիստական գաղափարախոսություններից», որ իր բնորոշմամբ «տանում են դեպի աղետ»: Բնորոշումներն էլ վիճելի են: ՈՒ արդեն բացարձակապես անհասկանալի է, երբ նույն հարթության մեջ են դրվում կոմունիզմը, ֆաշիզմն և լիբերալիզմը: Սա նախկին կոմունիստի վախն է ապագայից:
(շարունակելի)